Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» գեղարվեստական ֆիլմը դեկտեմբերի 25-ից կլինի մեծ էկրանին: Ֆիլմը ներկայացնում է Կոմիտասի «լռությունը» եղերական 1915-ից հետո: Գլխավոր հերոս Էդգար Նովենցին մարմնավորում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն, դերասան Վարդան Մկրտչյանը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ Վիլ-Ժուիֆում բավական հետաքրքիր բաներ են իմացել. «Ֆիլմում վավերագրական դրվագները շատ են, ինչը ավելի հետաքրքիր է դարձնում ասելիքը: Կինոդիտողը կտեսնի իրականությունն ինչպես կա, հատկապես կապված վարդապետի հիվանդության հետ»:
«Ֆիլմը կարո՞ղ է գրավել միջազգային հանրությանը» հարցին ի պատասխան Վարդան Մկրտչյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, այս ֆիլմը շատ կարևոր անդրադարձ է հայի տեսակին, արժեհամակարգին, միևնույն ժամանակ, իր ներսում ունի հարցադրումներ, որոնք ազգային սահմաններից դուրս են. «Այդ առումով, իհարկե, կհետաքրքրի դրսի հանդիսատեսին: «Մեսիջները», որ ուղղված են միջազգային հանրությանը, արված են բավական նուրբ ոճով, այլ ոչ՝ աղմուկով»:
«Վարդապետի լռությունը» նկարահանվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Զրուցակիցս վստահեցրեց, որ ֆիլմը հետաքրքիր հնչողություն կունենա նաև այս համատեքստում: «Ցանկացած ֆիլմ լավ առիթ է, ես չէի ասի՝ միջոց, այդ հարցը բարձրացնելու»,- նշեց նա:
«Վարդապետի լռությունը» Ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ժամանակակից ճանաչված գրող է, համալսարանի մամուլի տեսության և պատմության ամբիոնի դասախոս: Նա մտասևեռված է «Վարդապետի Լռությունը» վեպի ստեղծման վրա. սյուժեին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսն անցնում է իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ